Հաճախ կանայք կարողանում են առանց բժշկի այցելելու՝ սեփական ինքնազգացողությամբ, կանխազգալ հղիությունը: Հղիության առաջին նախանշանները սովորաբար դրսևորվում են հենց առաջին շաբաթից:
Այսպես՝ առաջին նախանշաններից է համարում ամսական ցիկլի ուշացումը, սակայն այն կարող է պայմանավորված լինել նաև այլ պատճառներով, ինչպիսիք են, օրինակ, սթրեսները, հորմոնալ խանգարումները, կլիմայի փոփոխությունը կամ ներքին սեռական օրգանների բորբոքային պրոցեսները:
Հաջորդ նախանշանը կրծքերի մեծացումն է այն նկատելի է դառնում 1-2 շաբաթ անց: Կրծքերի մեծացումը ուղեկցվում է այտուցվածությամբ և ցավով: Այս ընթացքում կարող է նկատվել նաև ինքնազգացողության վատացում: Ի հայտ է գալիս հոգնածության և թուլության զգացում:
Հղիության ամենատարածված նշաններից է սրտխառնոցը: Այն ի հայտ է գալիս 2-3 շաբաթական հղիության կամ ավելի ուշ՝ մինչև 8-10 շաբաթականից դեպքում:
Նախանշան է համարվում նաև ցավի զգացումը մեջքի ստորին հատվածում: Այն կարող է առաջանալ վաղ հղիության շրջանում և շարունակվել ողջ հղիության ընթացքում: Հղի կանայք ավելի զգայուն են դառնում իրենց շրջապատող հոտերի նկատմամբ:
Իսկ արդեն 4-5 շաբաթական հղիության դեպքում կնոջ մոտ նկատվում է հաճախամիզություն: Դա պայմանավորված է նրանով, որ արգանդի չափերի մեծացման հետ զուգահեռ միզապարկը ճնշվում է, հետևաբար կարողանում է ավելի քիչ հեղուկ հավաքել:
Կանանց մի մասը սննդից կախվածության է ձեռք բերումն, իսկ ոմանք՝ ընդհակառակը կորցնում են ախորժակը:
Այս նախանշանները, իհարկե, կարող են օգնել նախքան բժշկի այցելելը հասկանալ՝ կինը հղի է, թե ոչ, բայց ճշգրիտ տվյալ հնարավոր է ստանալ միայն մասնագիտական բուժզննության միջոցով: