Կարևոր իրադարձություններ

Վիլեն Գաբրիելյանը հայտարարություն է տարածել

07 Ապրիլ, 2025 12:21
Հեղինակ՝ Վիլեն Գաբրիելյան
Վիլեն Գաբրիելյանը հայտարարություն է տարածել

Պատգամավորի մանդատից հրաժարականի դիմում ներկայացրած Վիլեն Գաբիրելյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այժմ ավելի ակտիվորեն է լծվելու «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության աշխատանքներին:

«Հարգելի հայրենակիցներ, այնուամենայնիվ պետք է հիշեցնեմ, որ բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ և ՀՀ ԱԺ պատգամավոր հանդիսանալուց, վերջին մեկ ու կես տարում հանդիսացել եմ նաև «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ:

 
 

Այս ընթացքում Միության գործունեության հետ կապված մեծ աշխատանքներ ենք իրականացրել՝ հասցնելով մեր ձայնը տարբեր միջազգային հարթակներ, սակայն միաժամանակ պետք է փաստեմ, որ պատգամավորի կարգավիճակը որքանով որ օգնել է այս գործում, բայց պատգամավորի այլ պարտականությունների կատարման տեսանկյունից միշտ չէ, որ հնարավորություն են տվել լիարժեք լծվել Միության ամբողջական աշխատանքներին: 

Ըստ այդմ, հրապարակային հայտարարում եմ, որ այս պահից սկսած՝ լիարժեք լծվելու եմ Միության աշխատանքները կազմակերպելուն, ինչը իրենից ենթադրելու է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության աշխատակազմի, տարածքային ստորաբաժանումների, արտերկրյա մասնաճյուղերի կառուցվածքային ձևավորման ամբողջականացում։

Մեր նպատակներն են լինելու հասնել`

  1. – 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանվածների պահանջների և իրավունքների նկատմամբ պետության հստակ քաղաքականության որդեգրմանը,
  2. – Միջազգային հանրության հետ կապերի ամրապնդմանը,
  3. – 1988-1992թթ. Ադրբեջանի տարածքից ավելի քան 500,000 հայ փախստականների բոլոր իրավունքների, այդ թվում` վերադարձի իրավունքի վերականգնմանն Ադրբեջանի կողմից:

Այս կարևորագույն գործում ունենալու ենք ոչ միայն բուն Ադրբեջանից բռնի տեղահանվածների աջակցության կարիքը, այլ ընդհանրապես յուրաքանչյուր Հայի՝ անկախ նրանից՝ կլինի այդ աջակցությունը հոգեբանական, ֆիզիկական, մասնագիտական, գիտական, թե ֆինանսական:

Բաց ենք համագործակցելու փախստականների իրավունքները պաշտպանող յուրաքանչյուր կազմակերպության և անհատի հետ, ինչը որ ի սկզբանե էլ եղել է մեր նպատակը` հանդիսանալ լայն կոնսոլիդացիայի միասնական հարթակ:

 

Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն»,- իր էջում գրել է Գաբրիելյանը

Գաբրիելյանը, հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էր, որ հրաժարվում է պատգամավորի մանդատից, նաև նշել՝ մարտի 31-ին Գյումրի քաղաքում իր մասնակցությամբ միջադեպերը համարում է ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին:

Պատգամավորի՝ ներողության և մանդատը դնելու պատճառը Գյումրիում մարտի 30-ի լույս 31-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններն են: Գաբրիելյանը գինովցած վիճակում փողոցում աղմկել էր, խախտել հասարակական կարգը, վեճի բռնվել լրագրողների հետ և հայհոյել:

 

Լրահոս

Դիտել ավելին