ԱՄՆ նախագահը չի բացառել, որ Իրանի դեմ կարող են ռազմական գործողություններ իրականացվել, եթե միջուկային գործարքի հետ կապված խնդիրները չլուծվեն բանակցությունների միջոցով: Դոնալդ Թրամփը հավելել է՝ այդ դեպքում Իսրայելն առաջատար դեր կստանձնի։
Թրամփի խոսքով՝ իր առաջին նախագահության ժամանակ պատժամիջոցներ է սահմանել Իսլամական Հանրապետության դեմ, ինչի արդյունքում Իրանը չի կարողացել միջուկային զենք ստանալ: Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը ունի աշխարհի ամենահզոր զենքը, որի մասին ոչ ոք չգիտե:
Թրամփն անդրադարձել է Եվրոպայի հետ հարաբերություններին, տեղեկացրել, որ ԱՄՆ-ը կարող է կրճատել իր զինված ներկայությունը Եվրոպայում։
«Մենք վճարում ենք Եվրոպայում զինվորականների համար: Լուրջ փոխհատուցում չենք ստանում: Այնպես որ կքննարկենք այդ հարցը, հնարավոր է՝ առևտրային բանակցությունների շրջանակում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Նա նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր կնքել: Թրամփը չի բացառել, որ ինչ-որ պահի կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: