Կարևոր իրադարձություններ

Նախորդ տարվա ընթացքում Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարան է հանձնվել 436 քրեական վարույթ

18 Փետրվար, 2025 10:30
Նախորդ տարվա ընթացքում Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարան է հանձնվել 436 քրեական վարույթ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 17-ին ամփոփվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գուրգեն Մադոյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Քննչական կոմիտեի,
Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:

Գուրգեն Մադոյանը ներկայացրել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում դատախազների կողմից իրավասու դատարան է հանձնվել 436 քրեական վարույթ՝ 498 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 227 քրեական վարույթ՝ 259 անձի վերաբերյալ):

Առաջին ատյանի դատարաններում ավարտված 201 գործերով՝ 205 անձի վերաբերյալ, կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Գուրգեն Մադոյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրություններ են իրականացվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների զբոսայգիների, պուրակների և այգիների
հողատարածքների սահմաններում գտնվող հողամասերի, նախկինում գործած թիվ 308 մանկապարտեզի իրացման, ինչպես նաև համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը վարձակալությամբ տրամադրելու ոլորտներում:

Ուսումնասիրությունների արդյունքում՝ նախաձեռնվել են քրեական վարույթներ, Վարչական դատարան է ներկայացվել 6 հայցադիմում:

Հանրապետության գլխավոր դատախազը, ի թիվս այլնի, դատախազներին հանձնարարել է 2025 թվականին ևս ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը, իրավապահ կառույցների հետ համագործակցությամբ ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների դեմ պայքարի աշխատանքները:

Լրահոս

Դիտել ավելին