Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ ժամկետներում են տեղի ունենում փետրվար ամսվա ընտրական գործընթացները

26 Հունվար, 2017 17:41
Ի՞նչ ժամկետներում են տեղի ունենում փետրվար ամսվա ընտրական գործընթացները

 

 

1.    ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունները պետք է գրանցվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ամենաշուտը՝ փետրվարի 6-ին, իսկ ամենաուշը՝ փետրվարի 16-ին, ժամը 18.00-ն:

2.    Եթե կուսակցությունը նպատակ ունի իր քարոզչական պաստառեր տեղադրել այն գովազդային վահանակների վրա, որոնց մակերեսը մեծ է 5 քառակուսի մետրից, ապա կուսակցություն գրանցվելու համար ԿԸՀ դիմելիս պետք է ԿԸՀ ներկայացնի նաև հայտ գովազդային վահանակներում քարոզչական պաստառ (ինչպես նաև՝ քարոզչական տպագիր և այլ նյութեր) տեղադրելու համար: Այդ հայտի ձևը սահմանված է ԿԸՀ որոշմամբ: Այդ հայտի հիման վրա ԿԸՀ-ն որոշում է կայացնում , թե որ կուսակցությունը  կարող է իր քարոզչական պաստառները փակցնել գովազդային վահանակների վրա: ԿԸՀ-ի այս որոշման հիման վրա կուսակցությունը պայմանագիր է կնքում արտաքին գովազդային վահանակներները տնօրինող կազմակերպությունների հետ՝ դրանց  վրա քարոզչական տպագիր նյութերը փակցնելու համար: Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի կայք էջում արդեն հասանելի է տեղեկություն վահակնակների քանակի, գտնվելու վայրի ու գների վերաբերյալ: Այդ ցանկից դուրս այլ վահանակների նախընտրական քարոզչության ընտացքում օգտագործելն արգելվում է:

3.    Կուսակցւթյունների ընտրական ցուցակները ԿԸՀ-ի կողմից պետք է  գրանցեն ամենաուշը՝ փետրվարի 26-ին, մինչև ժամը 18.00-ն:

4.    ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը համայնքի ղեկավարի (քաղաքապետ, գյուղապետ, և այլն) և տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի հետ միասին կազմավորում է ընտրական տեղամասերը մինչև փետրվարի 16-ը ներառյալ: Ընտրականն տեղամասերի վայրը որոշելիս հաշվի են առնվում տեղական և այլ պայմաններ, որպեսզի առավել նպաստավոր պայմաններ առկա լինեն քվեարկության կազմակերպման համար:

5.    Համայնքի ղեկավարը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 43 օր առաջ սահմանում է տեղամասային կենտրոն: Համայնքի ղեկավարն այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին:

Համայնքի ղեկավարը մինչև փետրվարի 18-ը ներառյալ սահմանում է տեղամասային կենտրոն և այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությանը, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին:

6.    Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոններ կազմավորվում են նաև քրեակատարողական հիմնարկներում մինչև փետրվարի 18-ը ներառյալ: Տեղամասային կենտրոնը քրեակատարողական հիմնարկի պետի կողմից սահմանվելու դեպքում ՔԿՀ-ի պետը այդ մասին հայտնում է տարածքային ընտրական հանձնաժողովին:

7.    Տարածքային ընտրական հանձնաժողովը  պետք է սահմանի ընտրական տեղամասերի հերթական համարները և այնուհետև այդ տվյալները մինչև փետրվարի 20-ը ներառյալ պետք է ներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

8.    ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ընտրողների ռեգիստրը (այսինքն՝ հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը) ըստ ընտրական տեղամասերի էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ ԿԸՀ-ն այն, որոնման հնարավորությամբ, տեղադրում է իր կայքէջում մինչև փետրվարի 20-ը ներառյալ:

9.    ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունը մինչև փետրվարի 21-ը ներառյալ ընտրողների ցուցակը տրամադրում է տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, որը նույն օրը պետք է փակցնի այդ ցուցակը տեղամասային կենտրոնում՝բոլորի համար հասանելի տեղում: (Ցուցակի վերջին էջում պետք է լինի տեղեկանք ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի և ժամկետների մասին: ) Նույն օրը ցուցակի էլեկտրոնային տաբերակը պետք է հասանելի լինի www.police.am  կայքում՝ ներբեռնելու համար:

10. Մինչև փետրվարի 23-ը Երևանի քաղաքապետը և համայնքի ղեկավարները պետք է ընդունեն որոշում Երևանում և համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին՝ սահմանելով այնպիսի պայմաններ, որոնք կուսակցությունների համար կապահովեն հավասար հնարավորություններ (հավասար մակերես): Այս որոշումը մինչև փետրվարի 26-ը ներառյալ պետք է ներկայացվի ԿԸՀ, բացի այն դեպքերից երբ որևէ համայնքի (գյուղի, քաղաքի) ընտրողների թիվը քիչ է 10 000-ից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին